ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«ՄԵԿ ԳՄԲԵԹԻ ՏԱԿ»

«ՄԵԿ ԳՄԲԵԹԻ ՏԱԿ»
24.05.2011 | 00:00

Ս.թ. մայիսի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը` միջազգային մրցույթների դափնեկիր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ: Մենակատարներն էին «The Los Angeles Colaboration» դուետը` ի դեմս դաշնակահար Դուեյն Ֆանդերբըրկի և ջութակահար Ալեքս Ռասելի, որը գործում է 2000 թվից: Երևանյան համերգին մասնակցում էր նաև միջազգային մրցույթի դափնեկիր, թավջութակահար Լևոն Առաքելյանը: Մեր հյուրերը երկրորդ անգամ էին Հայաստանում և, ինչպես խոստովանեցին «ՎԷՄ» ռադիոկայանին տված հարցազրույցում, արդեն հասցրել էին նկատել հայկական պատմական և ճարտարապետական հուշարձանների վեհությունը և մեր երաժիշտների բարձր արվեստը:
Երեկոն բացվեց պրեմիերայով` Մոցարտի ռե-մաժոր կրկնակի կոնցերտով: Այս կոնցերտը, սևագրությունների հիման վրա, ավարտին է հասցրել անգլիացի կոմպոզիտոր Ֆիլիպ ՈՒիլդին (ծնվ. 1949 թ.):
Մոցարտին լսելիս հաճախ եմ մտաբերում բանաստեղծ Սումիտրանանդան Պանտի հետևյալ խոսքերը. «Ես` գեղեցիկի երգիչս, ցնցված ձեր գեղեցկությամբ, համրանում եմ, ո˜վ երկնամերձ Հիմալայներ»: Ահա այդպես զմայլված, Մոցարտի երաժշտությամբ սքանչացած` նվագում էին երաժիշտները, հատկապես կոնցերտի երկրորդ մասը, որտեղ գալարափողի և մյուս փողայինների ձգվող (դամ) հնչյունապաստառը ջութակն ու դաշնամուրը զարդարում էին իրենց նախշերով: Պատահական չէ, որ մեծ դիրիժոր Բրունո Վալտերը նշում էր, որ Մոցարտի ադաջոներում է բացվում ու փթթում այդքան հազվագյուտ «երաժշտածաղիկը»: Ահա մենք ևս ականատես էինք այդ ծաղկի բացմանը: Ինչպես հաճախ է լինում Մոցարտի արվեստում, այդ ծաղիկը ծաղկում է անդունդի եզրին` կոնցերտի 1-ին մասի խաղացկուն տրամադրությունից հետո և 2-րդ մասի դրախտային երաժշտության մեջ հանկարծ հայտնվում է մահվան տեսիլքը (մինորային դրվագը): Հենց սա է Մոցարտի հանճարի ամենաբնորոշ և ամենազորեղ հատկությունը` միահյուսել կյանքը և մահը: Տեղին է հիշել Մոցարտին բնութագրող ամենադիպուկ արտահայտություններից մեկը. «in tristitia hilaris, in hilaritate tristis» (տխրության մեջ` ուրախ, ուրախության մեջ` տխուր): Այստեղ խոսքը ոչ այնքան անձնական, առօրեական տրամադրության մասին է, որքան տիեզերական ողբի և հավիտենական կյանքի հակադրամիասնություն, որը հանճարեղ կերպով արտացոլվել է դեռ տասներորդ դարում սբ. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագրքում:
Մոցարտը Մոցարտ չէր լինի, եթե ողբերգական դրվագից հետո գալարափողի «ոսկե դարձվածով» չվերականգներ երանավետ տրամադրությունը և կոնցերտի 3-րդ մասի բերկրալից շուրջպարում չվերագտներ կորսված դրախտը…
Համերգի առաջին բաժինն ավարտվեց իռլանդական հոգևոր հիմներով, որոնք ջութակի, դաշնամուրի և նվագախմբի համար մշակել էր Դ. Ֆանդերբըրկը: Առաջին հիմնը` «Եղի՛ր իմ աչքերի լույսը», նման էր ընդհանրական աղոթքի: Այն մի համաժողովրդական տոնախմբություն էր` կենսուրախ ռիթմերով և երկնառաք փառաբանությամբ: Երկրորդը` «Հիսուսի խորունկ սերը», ավելի շատ ծածուկ, մտերմիկ աղոթք էր, ինչպես պատվիրանն է պահանջում. «…Մտի՛ր քո սենյակը, փակի՛ր քո դռները և ծածուկ աղոթիր քո Հօրը»: Ջութակի սրտառուչ մեղեդին, դաշնամուրի և նվագախմբի մեղմօրոր նվագակցությամբ, «մխացող քուլա-քուլա խունկերով» բարձրանում էր դեպի երկինք (Վ. Թեքեյան), և դաշնամուրի ու ջութակի բյուրեղյա ղողանջներն այս երկնամերձ ձայնակայքում նմանվում էին երկու սերովբեների փոխկանչի, մի բան, որ տարածված էր միջնադարյան հոգևոր երաժշտության մեջ:
Համերգի երկրորդ բաժնի սկզբում Հայաստանում առաջին անգամ հնչեցին Բեթհովենի «Աթենքի ավերակները» և «Արքա Ստեֆան» նախերգանքները: Սրանք կոմպոզիտորը կերտել է թատերական ներկայացման համար (1811 թ.), որտեղ գովերգվում է հունգարացի արքան ու ներկայացվում «Աթենքի ավերակները» ալեգորիան:
Հունգարական մթնոլորտ ստեղծելու համար կոմպոզիտորն օգտագործել է չարդաշ պարի տարրերը: Ավերիչ թուրքերին բնութագրող քայլերգում Բեթհովենը կիրառել է այսպես կոչված «ենիչերական» երաժշտություն: Նկատի ունենք օսմանյան բանակում գործածվող հարվածային և փողային գործիքների սուր հնչողությունը: Այս ամենը պատկերավոր ու վառ կերպով վերարտադրվեց ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից:
Համերգի վերջում հնչեց Բեթհովենի Եռակի կոնցերտը` գրված ջութակի, թավջութակի, դաշնամուրի և նվագախմբի համար: Կոնցերտը հորինվել է 1803-1804 թվերին, նույն շրջանում ստեղծվել են նաև «Հերոսական սիմֆոնիան», «Ավրորա» և «Ապասիոնատ» դաշնամուրային սոնատները, «Ֆիդելիո» օպերան և այլն: Եթե Մոցարտի Կոնցերտն իր գունագեղությամբ նմանվում է գեղանկարի, ապա Բեթհովենի մեծակերտ Եռակի կոնցերտը «ժայռակոփ քանդակ» է, սֆինքս: Անդրադառնալով Բեթհովենի երաժշտության ազդեցությանը` Ռոմեն Ռոլանը վկայակոչում է Օտտո Բիսմարկի հետևյալ խոսքերը. «Եթե ես հաճախ լսեի «Ապասիոնատը», ապա խիզախներից խիզախը կդառնայի»: Ի դեպ, այն հարցին, թե մեկ սրտում ինչպես կարող են գոյակցել և «Ապասիոնատը», և «Հերոսական սիմֆոնիան», և Եռակի կոնցերտը, Ալեքս Ռասելը պատասխանել էր. «Հանճարի սիրտը ի զորու է տեղավորելու, ներդաշնակելու կյանքի հակապատկերները, բևեռները»…
Կոնցերտում պատկերված են նյութաշխարհի շղթաներից և, կարելի է ասել, ադամական մեղքից ձերբազատված մարդու հոգու ճախրանքը, ոգու հաղթահանդեսը: Երեք նվագարանների ներդաշնակությունը միմյանց և նվագախմբի հետ մարմնավորում է սիրո, գեղեցիկի և եղբայրության գաղափարը, որը պիտի տիեզերահռչակվեր 9-րդ սիմֆոնիայում։ Ինչպես նշվեց, նման հաղթանակը ձեռք է բերվում պայքարի, ինքնահաղթահարման միջոցով, որը դրսևորվում է առաջին մասի մշակման բաժնում և երկրորդ մասի վերջում: Սակայն տոնախմբության վերահաս ալիքը ցրում է կայծակի պես հպանցիկ այդ վարանումներն ու խոչընդոտները, և ի վերջո, պոլոնեզի հանդիսավոր ռիթմերն ու կոչնակները ավետում են լույսի հաղթանակը: Հիշյալ ժամանակաշրջանի որոշ ստեղծագործություններում պայթուցիկ բախումներից խուսափելը Ռոմեն Ռոլանը բացատրում էր կոմպոզիտորի սիրահարվածությամբ ու ասում էր. «Սիրահարված առյուծը թաքցնում է ճանկերը»… Եռակի կոնցերտը կատարվեց բարձր մակարդակով, մեծ վերելքով, և այն ներդաշնակությունը, միաբանությունը, որը քարոզում է Բեթհովենը, զգացվեց նախ և առաջ մենակատարների և նվագախմբի միջև: Անշուշտ, մեծ դեր խաղացին նաև մաեստրո Արզումանյանի վարպետությունը, օպերային արվեստում ձեռք բերած նվագակցելու հմտությունը և բազմաբնույթ ստեղծագործությունների ամբողջացումը «մեկ գմբեթի տակ»:
Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Դիտվել է՝ 2124

Մեկնաբանություններ